2021 թ. գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը 2020-ի համեմատ աճել է 14.3 տոկոսով. ՀՀ փոխոստիկանապետ

2021 թ. գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը 2020-ի համեմատ աճել է 14.3 տոկոսով. ՀՀ փոխոստիկանապետ

2021 թվականի ընթացքում ոստիկանությունն ունեցել է գերծանրաբեռնված օրակարգ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում երկրում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14.3 տոկոսով կամ 3777 դեպքով: 2020 թվականի ընթացքում կատարված հանցագործությունների թիվը 26 468 էր, 2021 թվականին՝ 30 245:

«Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման և խուլիգանության դեպքերը:

Միևնույն ժամանակ աճել են սպանությունների, սպանության փորձի, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, գողության, ավազակության, խարդախության, համակարգչայն տեխնիկայի միջոցով կատարված խարդախությունների, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը»,- ասաց Հովհաննիսյանը:

Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ արձանագրված 30 245 դեպքից 84.1 տոկոսը ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործության դեպքեր են:

«Հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ՝ իրականացնել հստակ գործողություններ և կանխարգելիչ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք, ըստ 2 ամիսների տվյալների, տվել են դրական արդյունքներ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում