Ադրբեջանը ցանկանում է շարունակել հակամարտությունը, մենք՝ չէ. Մարիա Կարապետյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին։
«Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության միանշանակ և փոխադարձ ճանաչման վրա՝ երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Մենք շարունակում ենք կրկնել սա, իսկ Ադրբեջանը շարունակում է առարկել։ Երեկ Քաղաքական հարցերի հանձնաժողովում տարօրինակ բան տեղի ունեցավ։ Ավելի քան երեք տարի Ադրբեջանը տեռորի էր ենթարկում այս Խորհրդարանական վեհաժողովին Լեռնային Ղարաբաղ բառերն օգտագործելու համար, սակայն երեկ հենց Ադրբեջանի պատգամավորը ինքը սկսեց խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։
Սա նշան է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է շարունակել հակամարտությունը, սակայն մենք չենք ցանկանում շարունակել հակամարտությունը։
Խաղաղության պայմանագիրը, որը մենք հույս ունենք շուտով ստորագրել, կրկնում է միջազգային այն սկզբունքը, ըստ որի երկրները չեն կարող հղում կատարել իրենց ներքին իրավական ակտերին՝ հիմա կամ ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Այնպես որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար մեր Սահմանադրությունը կամ պատմական փաստաթղթերը որպես խոչընդոտ նշելն ուղղակի պատրվակ է։
Ես իսկապես հուսով եմ, որ Ադրբեջանի պատգամավորները այստեղից քաղած դաս են տանում, որ այս նոր նարատիվը, թե Ադրբեջանը պայքարում է հայկական ռևանշիզմի, նեոգաղութատիրության կամ իսլամաֆոբիայի դեմ, ըմբռնում չի ստանում միջազգային հանրության կողմից։ Եկեք ստորագրենք այս խաղաղության պայմանագիրը և առաջ շարժվենք։
Եվ վերջին կետը, որը վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը․ ճիշտ այնպես, ինչպես մենք պետք է վստահենք ձեզ՝ ապահովելու մեր անվտանգությունը ձեր տարածքով անարգել տարանցման համար, դուք պետք է վստահեք մեզ՝ ապահովելու ձեր անվտանգությունը մեր տարածքով անարգել տարանցման համար: Հայաստանն ու Ադրբեջանն են, որ կարող են միմյանց համար անվտանգության լավագույն երաշխավորները լինել։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ առանց վերապահումների, առանց հատուկ ռեժիմերի՝ հիմա և ընդմիշտ»,- ասվում է պատգամավորի ելույթում:
Կարծիքներ