ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդի հետ
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների Հանրապետության ԱԳ նախարար Աբդուլա Շահիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Շնորհավորելով գործընկերոջը ՄԱԿ ԳԱ հաջող նախագահության կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի ներդրումը` ներկայիս համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ, որի առանցքում է արդյունավետ բազմակողմանիության գաղափարը:
Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող համագործակցությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրակարգի առաջմղմանը։ Աբդուլա Շահիդը, իր հերթին, բարձր է գնահատել Խորհրդում Հայաստանի ծավալած արդյունավետ գործունեությունը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։ Հավելվել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորում է ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդման և ոճրագործությունների կանխարգելման համապատասխան մեխանիզմների կատարելագործումը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը և գոհունակություն հայտնել հուլիսի 24-ը կին դիվանագետների օր ճանաչելու Մալդիվների նախաձեռնության կապակցությամբ, ինչի վերաբերյալ բանաձևի համահեղինակ է Հայաստանը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և շեշտել ՄԱԿ համապատասխան կառույցների՝ տեղում անարգել ներգրավվածության հրամայականը։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը։
Հանդիպմանը հաջորդել է ՀՀ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որին ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳԱ նախագահը հանդես են եկել ելույթով:
Այցի շրջանակներում Աբդուլա Շահիդը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կին դիվանագետների հետ, որի ընթացքում կարևորվել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը և կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Կարծիքներ