ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության դեպք
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի հերթական փորձը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը:
«Մասնավորապես, List.am կայքում «Suren» օգտատիրոջ դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների մոտ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում այդ օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում գնվել է 98 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի արտասահմանյան արտադրության ծխախոտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Suren» օգտատերը, հանդիսանում է քաղաքացի Ս.Գ.-ն: Վերջինս առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների, այս դեպքում՝ ծխախոտի իրացմամբ:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության իրականացնելուց, այդ թվում նշված նպատակով պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելուց: Կոմիտեն վստահեցնում է, որ նման դեպքերը նույնպես հետևողական ջանքերի արդյունքում օպերատիվ բացահայտվում են և տրվում համապատասխան քրեա-իրավական գնահատականներ:
Նմանատիպ իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Մասնավորապես, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1708 հոդվածի 2-րդ մասի համաձայն ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նշված խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարվելու դեպքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ