Առաջարկում ենք քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հնարավորությունը. Երվանդ Թարվերդյան
Հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված ծայրահեղ լարվածության և ադրբեջանական ռազմական գործողությունների հետ կապված հայտարարություն է տարածել Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Ադրբեջանական հերթական վայրագ էսկալացիան անվիճելի ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանին արդի աշխարհաքաղաքական մեծ հակամարտության գլխավոր շահառուների կողմից պարտադրվում է ռազմական ագրեսիա, ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հիշենք, որ ուկրաինական Ռադան մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից ուղղակի պահանջել է սկսել գործողություններ Ռուսաստանի դեմ․ «Հաջորդը լինելու եք դուք փաստարկով»:
Միացյալ Հայաստան կուսակցությունը, ինչպես 44 օրյա պատերազմի կապակցությամբ, այնպես էլ այսօր համոզված է, որ կոնսոլիդացված արևմուտքի գլխավոր թիրախը Ռուսաստանի Դաշնությունն է:
Պատահական չէ, որ ադրբեջանական ագրեսիան այսքան ճշգրիտ համընկավ ուկրաինական ռազմաճակատում ռուսական զինուժի կրած ժամանակավոր անհաջողությունների հետ:
Չնայած, որ կոնսուլիդացված արևմուտքը տարբեր անատամ հայտարարությունների տեսքով փորձում է դատապարտել Ադրբեջանին, սակայն, ինչպես նախկինում, այդպես էլ այսօր ոչ մի գործնական քայլ նկատելի չէ:
Արևմտյան մեր գործընկերներին առաջարկում ենք քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցի կիրառման հնարավորությունը:
Մեր կարծիքով ստեղծված իրավիճակում միայն հայկական ազգային մոբիլիզացիան է, որը անանցանելի պատվար կդնի օտար վայրագ զավթիչների դեմ, այլապես հերթական ագրեսիայի խաղաղ հանգուցալուծման ավարտից հետո ստիպված կլինենք փնտրել դավաճաններ, թույլեր և անպիտաններ։
Անհրաժեշտ ենք համարում, անհապաղ քննարկումներ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՝ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում:
Ինչպես նաև ռազմական էլ ավելի սերտ համագործակցության շրջանակներ քննարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հնդկաստանի հետ»:
Կարծիքներ