Քննարկվել են Արցախի զարգացմանն առնչվող հարցեր
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Այդ մասին հայտնում են Արցախի Արտաքին գործերի նախարարությունից:
Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։
Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ ընդգծելով, որ այդ անսպառ ռեսուրսի ճիշտ և նպատակային կառավարումը պետության և հասարակության զարգացման կարևորագույն նախադրյալներից է։
Քննարկվել են Արցախի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի Մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Կարծիքներ