Քաջարանի համայնքապետի գործով դատական նիստը հետաձգվել է

Քաջարանի համայնքապետի գործով դատական նիստը հետաձգվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատական նիստը:

Այս դատավորի վարույթում է նաև Փարամազյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նրա պաշտպան Լուսինե Սահակյանն այսօր միջնորդել է դրանք միացնել և քննել մեկ վարույթում։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ երկու գործի հիմքում տարբեր փաստական հանգամանքներ են դրված, հետևաբար արդարադատության շահից կբխի այս քրեական գործը քննել առանձին։ Քանի որ կողմերն այլ միջնորդություն ունեին, ուստի այսօրվա նիստը մեկ ամսով հետաձգվել է։

Փարամազյանը, հիշեցնենք, մեղադրվում է այն բանի համար, որ իր հորը հարվածելու համար ցուցադրաբար պատժելու նպատակով կազմակերպել է Շավարշ Մարգարյանի առևանգումը: Այս գործով, բացի նրանից, մեղադրվում է եւս 4 անձ։

Մեկ այլ գործով էլ Փարամազյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, յուրացման, կաշառք ստանալու, խարդախություն կազմակերպելու համար։ Նա կալանավորված է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում