Հայաստանը պատրաստակամ է խորացնել Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևէ սահմանափակման․ Ալեն Սիմոնյան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի այցը Հայաստան վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր և աճող հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների նկատմամբ ոչ միայն անտարբեր չլինելու, այլև դրանց հասցեագրման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Վիզլերը և այստեղ ներկա գտնվող մյուս գործընկերներն այն մարդիկ են, որոնց ջանքերով Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում, ինչի համար շնորհակալ ենք։
Սրա վկայությունն է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից այս այցին ընդառաջ ընդունված Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը, որն անդրադառնում է Հայաստանի համար կարևորություն ունեցող մի շարք հարցերի, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների շարունակական, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման ու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կարևորությանը։
Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, ընդգծում Հայաստան-ԵՄ, Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացման կարևորությունը»,- ասաց Սիմոնյանը։
Հայաստանի ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է բանաձևում ներկայացված տեսլականի մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևիցե սահմանափակման՝քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանական համագործակցություն, դիվանագիտական հարաբերությունների խորացումից մինչև կրթական, գիտական, նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ։
Կարծիքներ