Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին. Թաթոյանը՝ սահմանային վաղեմի խնդիրների մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանային իրավիճակի հետ կապված վաղեմի խնդիրներին՝ գրելով.
Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:
Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանի տեղեկանքում նշվում էր, որ Մեղրիի և Կարյագինոյի (Ջաբրայիլ) հետ կապված՝ սահմանից արևմուտք ընկնող տարածքները հիմնականում ձմեռային արոտատեղեր էին, որոնք փաստացի օգտագործում էին Կապանի և Մեղրիի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Գլխավոր պատճառներից էր բերվում այն, որ առանց այդ արոտատեղերի նշված շրջանների գյուղերի անասնապահությունը կաթվածահար կլիներ:
Մեկ այլ դեպքում՝ Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների միջև սահմանների գծման տեղական հանձնաժողովի ղեկավար Յա. Կոչետկովն, օրինակ, Թղութ գյուղին վերաբերող ադրբեջանական առաջարկների չհամաձայնելու հիմքում էր դրել այն, որ դա Շվանիձորի թաղամասերից մեկն է և այդտեղի հողերը (այգիներն ու արոտավայրերը) իրար այնպես են կցված, որ այդ գյուղերը մեկը մյուսից բաժանելն անհնար է լինելու:
Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաև Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջև:
Սահմանային վեճերը լուծող ՀՍԽՀ տեղական ու հատկապես Անդրդաշնության կենտրոնական հանձնաժողովային 1924թ., 1926թ., 1929թ., 1935թ. և մյուս տարիների աշխատանքների նյութերից երևում է, որ ՀՍԽՀ գյուղացիների իրավունքները մշտապես թերի են քննարկվել. օրինակ՝ անտեսվել են Զանգեզուրի սակավահողությունը և գյուղերի միջև կապերը (վարչական, տնտեսական և այլն), հաշվի չի առնվել այն, թե ինչ դժվարություններ կարող էին առաջ գալ գյուղերի բնակիչների իրավունքների համար:
Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին (Քուրդիստանի տարածքից հայկական գյուղերի վրա տարբեր ավազակախմբերի հարձակումներին, գողություններին և այլն), որն էլ ուղիղ ազդել է գյուղացիների կողմից արոտատեղերի և մյուս հողերի օգտագործման վրա (օրինակ՝ երբ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929թ. փետրվարի որոշմամբ Կապանի շրջակայքի` Ողջի և Բասուտ գետերի ավազանի 21 գյուղերը հանձնվեցին Ադրբեջանի Ջաբրայիլ գավառին):
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում:
Կարծիքներ