Բանակը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացման փորձեր. Լիբանանի ՊՆ
Լիբանանյան բանակը թույլ չի տա երկրում իրավիճակի ապակայունացման փորձեր: Այս մասին հայտարարել է Լիբանանի պաշտպանության նախարար Մուրիս Սլիմը`մեկնաբանելով Բեյրութում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, որտեղ գնդակոծության են ենթարկվել խաղաղ ցույցի մասնակիցները:
Պաշտպանության նախարարին ուրբաթ ընդունել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, գրում է Morning Express-ը:
Բաաբդա պալատում կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է երկրում յոթ խաղաղ բնակիչների մահվանը ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Բեյրութում կրակոցներ են հնչել շիա կուսակցությունների բողոքի ակցիայի ժամանակ: Ակցիայի մասնակիցները դժգոհել են 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքից: Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունները հրահրել են անհայտ դիպուկահարները, որոնք կրակ են բացել տանիքներից: Արդյունքում առնվազն վեց մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել: Լիբանանի բանակը զրահապատ մեքենաներ է մտցրել քաղաք և սպառնացել կրակ բացել ՝ զենքով փողոց դուրս եկած յուրաքանչյուր մարդու ուղղությամբ:
Կարծիքներ