Արցախի Նախագահն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է արտահերթ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակզմից:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայ ժողովրդի միասնական ու համախմբված ջանքերի շնորհիվ հնարավոր է լինելու հաղթահարել ցանկացած մարտահրավեր:
Տիգրան Ավինյանն իր հերթին դատապարտել է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած ագրեսիվ և հանցավոր վարքագիծն՝ ընդգծելով, որ հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է:
Նրանք միասին այցելել են Պաշտպանության բանակին աջակցության ձեռք մեկնած ազատամարտիկներին, զրուցել նրանց հետ, ինչպես նաև եղել են ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներում:
Կարծիքներ