Վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է.ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ուսուցիչներ,
վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է: Հիշեցնում եմ, որ հայտ եք ներկայացնում մեկ առարկայից: «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված, էական չի, թե որ առարկան կնշեք էլեկտրոնային մատյանում:
Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներին: Ինչպես սահմանված է կարգով, ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ատեստավորումն անցկացվելու է գրավոր եղանակով՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող մանկավարժական բուհերում՝ մասնագիտական հանձնաժողովների կողմից:
Բոլոր առարկաների ատեստավորումներն անցկացվելու են սեպտեմբերին: Առաջադրանքները խստիվ համապատասխանելու են տվյալ առարկայի ծրագրին: Հատուկ ուշադրություն է դարձված առաջադրանքների ծավալի և հատկացվող ժամանակի հարաբերակցությանը:
Կարծիքներ