Վահրամ Դումանյանը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային պատասխանատուների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ տարիներ շարունակ իրականացրել է ոլորտային և բովանդակային բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեցել են բարձր արդյունավետություն: Այդ համատեքստում նախարարը մասնավորապես շեշտել է կրթության ոլորտի՝ ՀԲ աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Շնորհավորելով Կարոլին Գեգինատին ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի համագործակցության արդյունավետության առավել բարելավմանը:
Իր հերթին ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահրամ Դումանյանին նոր Կառավարության կազմում ընդգրկվելու համար` շեշտելով, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության շարունակականության ապահովումն արդյունավետ գործակցության համար կարևոր նախապայման է: ՀԲ ներկայացուցիչները որպես կարևոր նախադրյալ ընդգծել են այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ծրագրում որպես մարդկային կապիտալի զարգացման հիմնական ուղղություն առանցքային տեղ է հատկացված կրթությանը․ դա համահունչ է ՀԲ հիմնական հանձնառություններին:
«Մեզ համար կարևոր է ամրապնդել գործընկերությունը ՀԲ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև»,- շեշտել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը:
Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերին, որոնք կնպաստեն աշխատաշուկայի պահանջներին համահունչ մրցունակ մասնագետների պատրաստմանը և արտադրողականության խթանմանը: Այդ համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցությունը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով ՀԲ ոլորտային աջակցությունը, նշել է, որ այժմ մշակվում է Կառավարության գործողությունների ծրագիրը, որտեղ առավել մանրամասն կնշվեն ոլորտային համագործակցության թիրախները: Նախարարի ընդգծմամբ` շատ կարևոր է իմանալ, թե ինչ պատվեր և ինչպիսի պահանջներ են դրվում կրթության համակարգի առջև:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ` Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ նախարարությունների հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են նաև ոլորտային բարեփոխումների թեման՝ մասնավորապես քննարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով և Հանրակրթության պետական նոր չափորոշչով ամրագրված ինստիտուցիոնալ փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել նաև դպրոցաշինության ծրագրերին, և շեշտվել է, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ծրագրերի ղեկավար Հարրի Պատրինոսի և նրա ղեկավարած կրթության թիմի հետ առցանց հանդիպում, որի շրջանակում առավել մանրամասն քննարկվել են իրականացված ծրագրերը:
Նշենք, որ ՀԲ աջակցության ծրագրերով հիմնվել են 136 նախակրթարաններ, որոնց թվում՝ 127 նախակրթարան ՀՀ մարզերում, 9-ը՝ Երևան քաղաքում, հիմնանորոգվել են 13 ավագ դպրոցներ (10՝ մարզերում, 3-ը՝ Երևանում): 107 ավագ դպրոցներում բացվել են բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն) լաբորատորիաներ: Իրականացվել է նորարարական 18 դրամաշնորհային ծրագիր՝ բուհերի կարողությունների հզորացման ուղղությամբ, կատարվել են ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր:
Կարծիքներ