Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ:

Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրել է հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։ 

Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում