Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2019 թվականի միջոցառումների կատարողականը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության սկզբում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային ստվերի գնահատման և կրճատման, ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման, հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգի կատարելագործման, միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Ըստ կատարված աշխատանքների արդյունքների՝ 2019թ․ հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ: 2018-ի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ: Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ:
Հարկային և մաքսային ընթացակարգերի բարելավման մասով՝ պետական սահմանի անցման կետերում մշակվել և ներդրվել են մաքսային հսկողության իրականացման ռիսկի պրոֆիլներ, ինչի արդյունքում սահմանին նվազել են հերթերը և սահմանահատման վրա ծախսվող ժամանակը: Մշակվել և ներդրվել է ռիսկերի կառավարման «խելացի համակարգ», որը հնարավորություն է տալիս ՀՀ սահմանով տեղափոխվող բեռների նկատմամբ մաքսային հսկողության ավելի ճկուն և արդյունավետ իրականացում։ Մասնավորապես` 2019թ. 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակարար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։
2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92.0%-ով: Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու ՎԵԲ-ծառայություններ: Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017-ին: Այդպիսով՝ 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն:
ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:
Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի նույն տարվա վերջին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:
Ամփոփելով, վարչապետը կարևորել է ՊԵԿ-ից կողմից ստվերի կրճատման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, սահմանային անցակետերում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող և ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով:
Վարչապետը կարևորել է նաև Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման վերաբերյալ կառավարության որոշումը, արտահանման և ներմուծման աշխատանքների՝ Գյումրի ուղղորդումը և հանձնարարել կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն:
Կարծիքներ