Այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Փաշինյան
Ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չեմ տեսնում:
Այս մասին Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Ռազմական դրություն կարող է, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ ոչ միայն այն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` շարունակվելու են խորհրդակցությունները ՀԱՊԿ շրջանակներում, ՌԴ-ի հետ.
«Համոզված ենք, որ այս փորձությունը ՀԱՊԿ-ը և հայ-ռուսական անվտանգային համագործակցությունը հաջողությամբ կհաղթահարի: Մենք ամեն ինչ անում ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար, բայց ողջամիտ լուծումներ չլինելու դեպքում մենք պիտի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանելու և պաշտպանելու մասին մտածենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար:
«Այո, փաստ է, որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է, և ես անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն ու մեկնաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա հարձակում է ՌԴ-ի վրա»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ