Մեղադրական դատավճիռ և քննվող ևս 6 գործ՝ Ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու համար. դատախազությունն զգուշացնում է

Մեղադրական դատավճիռ և քննվող ևս 6 գործ՝ Ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու համար. դատախազությունն զգուշացնում է

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը:

2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է ուղարկվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննված 3 քրեական գործ: Դրանցից մեկով կայացվել է մեղադրական դատավճիռ: 

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիի տարածքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կանգառն արգելող դեղին հոծ գծանշման ազդման գոտում կայանված Նիսսան մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար արձանագրություն կազմելու նպատակով մեքենայի մոտ հրավիրված հիշյալ ավտոմեքենայի վարորդը՝ Դ. Հ.-ն, վարչական իրավախախտում կատարելու և դրա համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու մասին պարեկի կողմից տեղեկացվելուց հետո, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար վերջինիս առաջարկել է 5000 ՀՀ դրամ կաշառք:

Նույն պահին կաշառք տալու կասկածանքով վարորդը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

2021թ. դեկտեմբերի 27-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի 2022թ. հունվարի 27-ի դատավճռով Դ. Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 120.000 ՀՀ դրամի չափով:

Դատարան ուղարկված մյուս երկու քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է: Դրանցով երկու վարարոդի մեղադրանք է առաջադրվել 2021թ. նոյմեբերին, տարբեր օրերի, իրենց կողմից կատարված ՃԵ կանոնների խախտման համար արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու նպտակով պարեկներին տարբեր չափերի կաշառք առաջարկելու համար: Երկու դեպքում էլ վարորդներն  անմիջապես բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ:

Բացի վերոնշյալը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ներկա պահին քննվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին քաղաքացիների կողմից նույնաբնույթ պայմաններում տարբեր վարչական իրավախախտումներ չարձանագրելու համար կաշառք առաջարկելու դեպքերի վերաբերյալ հարուցված ևս 4 քրեական գործ: 2022թ. կատարված նմանաբնույթ մի քանի դեպքերի առթիվ էլ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: 

Նշված տվյալները փաստում են, որ Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների կողմից ընդգծված հետևողականություն և անհանդուրժողականություն է դրսևորվում վարորդների կողմից վարչական պատասխանատվությունից խուսափելու համար պարեկներին կաշառք առաջարկելու նկատմամբ: Չնայած դրան՝ քաղաքացիների կողմից այդ արատավոր պրակտիկան դեռևս շարունակվում է: 

ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ հանցագործություն է ոչ միայն իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելություն տրամադրելը, այլ նաև այդպիսին խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցներ շահագործող բոլոր քաղաքացիներին, վարորդներին հորդորում ենք նախ պահպանել ՃԵ կանոնները, իսկ դրանց խախտումներ թույլ տալու դեպքում զերծ մնալ ոստիկանության ծառայողներին որևէ եղանակով կաշառք տալուն ուղղված գործողություններից: 

Նման փորձերն անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում