Հուսով ենք՝ «3+3» ձևաչափով Թուրքիայում հաջորդ հանդիպումից հետո կշարունակենք Բաքվում և Երևանում. Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումներին, ինչպպես ի սկզբանե նախատեսված է եղել, ներկայություն կապահովի նաև Վրաստանը: Նա հավելել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։
«Հուսով ենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումների հաջորդ փուլից հետո այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում»,- ասել է Աբդոլլահիանը:
Ըստ նրա՝ ԱԳ նախարարների՝ նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը ցույց է տալիս, որ Իրանը ակտիվ է տարածաշրջանում և ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի ներկա զարգացումներին։
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Աբդոլլահիանը նշել է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կարևոր էր այդ խնդիրը տարածաշրջանի երկրների հետ քննարկելու տեսանկյունից: Աբդոլլահիանն այս թեմայի շրջանակում խստորեն դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները, մեղադրել ԱՄՆ-ին՝ Իսրայելին աջակցելու և հակամարտությունը սրելու համար։
Կարծիքներ