ՌԴ-ն չի ճանաչի հայկական վարորդական վկայականները. Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է որոշումը՝ պարզաբանելով
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար հայկական վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու հարցի քննարկումը, հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
«Պետդումայի պատգամավորները որոշեցին անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։
Առաջին ընթերցմամբ կառավարության նախաձեռնած օրինագիծն ընդունվել էր 2022թ.»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։
Ինչպես քննարկման ժամանակ նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը և կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ: Այս հիմքով է որոշում ընդունվել Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու մասին:
«Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է, իսկ Հայաստանի մասով մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզուն կարգավիճակ չունի, կան հարցեր այս ոլորտում»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Պետդումայի խոսնակի խոսքերը:
Նշվում է, որ առաջարկն արել է Պետդումայի տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։ Նրա կարծիքով՝ այս նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
Վոլոդինը Պետդումայի համապատասխան հանձնաժողովներին հանձնարարել է ուսումնասիրել հարցը և առաջարկել հետագա քայլեր:
Կարծիքներ