Կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային համատեղ խմբի հանդիպումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի համանախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է այս ձևաչափով համաժողովների անցկացման ավանդույթի վերսկսումը՝ համարելով այն համագործակցության ընդլայնման կարևոր գործիք։
«Ուրախ եմ, որ կարողացանք վերսկսել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, որը դադարեցվել էր COVID-19-ի պատճառով։ Այսօրվա կլոր սեղանների քննարկումներին մեծ մասնակցությունն ու ակտիվությունը վկայում են, որ մեծ հետաքրքրություն կա այս համաժողովի նկատմամբ և համագործակցության մեծ ներուժ»,- ասել է Վ․ Տերտերյանը՝ ընդգծելով, որ վաղվա պլենար նիստը՝ երկու երկրների կառավարությունների առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ, նոր խթան կհանդիսանա այսօր քննարկվող մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։
Ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության և կարճ ճամակահատվածում համաժողովի աշխատանքների կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար, ինչը վկայում է երկկողմ հետաքրքրվածության մասին։ Դ․ Վոլվաչը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը, որպես տնտեսական և ռազմավարական երկարամյա գործընկերներ, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, բայց նաև առկա է մեծ ներուժ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով նոր համագործակցության համար։
Ըստ Դ․ Վոլվաչի՝ այսօրվա համաժողովը ևս իր ներդրումը կունենա հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաժողովի շրջանակում արդեն իրականացված և նոր մեկնարկող համատեղ ծրագրերի մասին ամփոփ փաստաթուղթ մշակել։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի աշխատանքները, որի շրջանակում անցկացվել են կլոր սեղաններ՝ «Եվրասիական ինտեգրման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները», «Արդյունաբերական կլաստերների ներուժը. համատեղ նախագծերի իրականացում», «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում», «ՀՀ և ՌԴ մարզեր․կրթական և երիտասարդական համագործակցություն», «Սոցիալ-տնտեսական միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հետհամաճարակային շրջանում» թեմաներով։
Վաղը կկայանա համաժողովի պլենար նիստը։
Կարծիքներ