Ըստ քրգործի՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը թաքցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները

Ըստ քրգործի՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը թաքցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Արշակ Հակոբյանը՝ ՀՀ նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը:

 

Բացի դրանից՝ ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված՝ համապատասխանաբար Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և Samand Soren 1.8 մակնիշի երկու ավտոմեքենաները:

 

Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամտի վերաբերյալ տվյալները:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում