Երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. օգոստոսի 19-ին երեք զինծառայողի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված օրը, պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիերը, հրազենային մահացու վնասվածքներով, հայտնաբերվել էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է, ինչին ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է մի քանի անգամ ավելի գումար, քան վերջինիս ունեցած պարտքն է եղել:

Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի:

2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում