Արցախի տարածքից թույլատրվում է միայն զորակոչային տարիքը չլրացած և 55 տարին լրացած անձանց ելքը
Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է միայն զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել՝ իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած և 55 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները: Այս մասին իրազեկում են Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ հղում կատարելով Արցախի Հանրապետության նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթներին:
«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնված աշխատանքը և Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված հարցումների կտրուկ աճը, այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության 55 տարին լրացած արական սեռի և իգական սեռի բոլոր քաղաքացիների անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու, ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների բնակչության պետական ռեգիստրում ծնողի հասցեով հաշվառելու գործողությունները Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարվում են առանց Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դիրքորոշում հարցնելու»,-նշված է վարչության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ