Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը երեկ երեկոյան հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ՀՀ սահմաններին և ԼՂ այն տարածքներում, որտեղ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Ադրբեջանի սանձազերծած հարձակումից ի վեր Շոյգուն ու Պապիկյանը մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, Պապիկյանը ռուս գործընկերոջն էր ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ 2 կողմում էլ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ ճշտված տվյալներով հայկական կողմն ունի 105 զոհ (սեպտեմբերի 15-ի դրությամբ), վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պահանջով արտահերթ նիստ է գումարվել, Հայաստանի խնդրանքով ու դիմումով կայացել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական և խստիվ կերպով դատապարտել են միջազգային մի շարք կառույցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում