Պեսկովն ասել է՝ ինչ թեմաներ են քննարկելու Պուտինն ու Բայդենը
Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության թեմաները կլինեն Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա շփումների օրակարգում։ Այս մասին հինգշաբթի Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, Ուկրաինա, Ուկրաինայի շուրջ բազմաթիվ վեճեր կան։ Բնականաբար, Ուկրաինայի շուրջ կլինի նաև այն, ինչ մեզ համար չափազանց սադրիչ է՝ ՆԱՏՕ-ի զինված ուժերի, անդամ երկրների գործողությունները մեր սահմանների մոտ», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով ապագա բանակցությունների թեմայի վերաբերյալ հարցին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ձևաչափով են լինելու Պուտինի և Բայդենի բանակցությունները՝ Պեսկովը նշել է, որ «սկսելու համար ավելի նախընտրելի է տեսաֆորմատը», սակայն ամեն ինչ կախված կլինի պետությունների ղեկավարների որոշումներից։ Պեսկովի խոսքով՝ շփումների ժամկետների վերաբերյալ հստակություն չկա, դրանք կարող են տեղի ունենալ մինչև Ամանոր կամ ավելի ուշ։
Կարծիքներ