Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել Է անցյալ տարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը մինչև 5 մլրդ դոլար ավելացնելու մասին
Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2019 թվականի 1 մլրդ 650 մլն դոլարից 2022 թվականին աճել է հասնելով մինչև մոտ 5 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հայտարարությունը:
Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականի մարտին, որի գործողության ժամկետը ավտոմատ կերպով երկարաձգվել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ հերթական երկարաձգումից առաջ իրանական կողմը մտադիր է դիտարկել փաստաթղթի թարմացման հնարավորությունները ՝ հաշվի առնելով ներկա իրողությունները:
Ջալալիի խոսքով ՝ երկու երկրներն աշխատում են համակողմանի համագործակցության փաստաթղթի վրա, վերջին շրջանում ռուսական կողմը ներկայացրել է իր կարծիքը և իրանական կողմին ներկայացրել համաձայնագրի նախագիծը:
Դեսպանը հստակեցրել է, որ Իրանի և ՌԴ-ի միջև նոր համապարփակ համաձայնագիրն ընդգրկում է տարբեր ոլորտներ ՝ ներառյալ քաղաքական, տարածաշրջանային, միջազգային, տնտեսական, անվտանգության, տեղեկատվության, կիբերանվտանգության, պաշտպանության և այլն:
Կարծիքներ