Սիլիկյան թաղամասում տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի տեխնիկային և վնասել. 2 անձ է ձերբակալվել է
Սիլիկյան թաղամասում քանդման աշխատանքներ իրականացնող տրակտորը վնասելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել:
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
«2023 թվականի հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15:00-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հարակից տարածքում գտնվող անօրինական կառուցված շինությունների քանդման աշխատանքներն իրականացնելիս «JC13» մակնիշի տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի շարժիչի ծածկին և վարորդի խցին՝ վնասելով տրակտորը:
Բացի այդ, քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի վրա նետվել են քարեր։
Տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տարվել երկու քաղաքացի։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (երկու դրվագ), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները բռնություն էին կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև՝ վնասել քաղաքապետարանի գույքը, որը ապամոնտաժելիս է եղել անօրնական շինությունները: Քաղաքացին նստել էր ապօրինի շինությունը քանդող տեխնիկայի ղեկին և կոշով հարվածել մյուս մեքենային:
Կարծիքներ