Մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբին. Փաշինյան

Մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելուն և Ադրբեջանի գործողությունների նպատակներին: 
 
Մասնավորապես, վարչապետը նշել է.
 
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
 
Ինչպես տեղյակ եք, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ, խումբը գործում է, ստեղծվել է իմ որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կորնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Մենք խնդրել ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված:
 
Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Այս գործելակերպն անհասկանալի է, անընդունելի: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար: 


Երեկ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա: Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցի, 361 տոննա:
 
Երևանից շարժվելուց առաջ  Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված այդ բեռնատարների վերը հիշատակված պարունակությանը: Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, միթե՞ ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը: 

Անկախ մեր գնահատականներից, սակայն, մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքի թույլ չտալը ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները: Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ընդհակառակը, կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին:
 
Շնորհակալություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում