Եգիպտոսում վերաբացվել է Սֆինքսների ծառուղին
Եգիպտոսում երկարամյա վերականգնման աշխատանքներից հետո վերաբացվել է Սֆինքսների հնագույն ծառուղին, որը ձգվում է Կառնակի և Լուքսորի տաճարների միջև: Ընդհանուր առմամբ, ծառուղու երկայնքով տեղադրված է 1200 արձան, փոխանցում է Euronews-ը:
Գիտնականները կարծում են, որ 2700 մետր երկարությամբ ծառուղին կառուցվել է առավելապես փարավոնների 18-րդ դինաստիայի օրոք (մոտավորապես Ք.ա. 16-րդ դարում): Նախկինում այն ծառայել է որպես հանդիսավոր երթերի վայր։ Ծառուղին իր վերջնական տեսքը ստացել է Ք.ա. 4-րդ դարում:
Ժամանակի ընթացքում շատ արձաններ կամ վնասվել են, կամ անհետացել են ավազի շերտի տակ: Ճարտարապետական հուշարձանը սկսել են վերականգնել 1940-ականներին, իսկ վերականգնողական լայնածավալ աշխատանքները սկսվել են 2010 թ.:
Այժմ ծառուղուն վերադարձրել են նախնական պատմական տեսքը։ Եգիպտոսի իշխանությունները հույս ունեն, որ այդ պատմական համալիրի բացումը երկիր կգրավի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:
Կարծիքներ