«Մենք»-ը օգնեց ու շարունակում է օգնել
Պատերազմի առաջին օրից սկսած Երևանում մի խումբ երիտասարդներ հանդես եկան տարբեր նախաձեռնություններով՝ ամուր պահելով թիկունքը։ «Մենք»-ը դրանցից մեկն էր։ Նախաձեռնության նպատակը ի սկզբանե եղել է Ddos հարձակում կազմակերպել ադրբեջանական մի շարք կայքերի ուղղությամբ, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չի եղել։ «Մենք»-ի նախաձեռնող Սեյ Յայլախանյանը նշում է, որ իրենք սկսեցին պայքարել ապատեղեկատվության դեմ՝ փակելով ադրբեջանական և հայկական այն էջերը, որոնք կեղծ լուրեր էին տարածում և ներքին հրահրանք ստեղծում մարդկանց միջև։ Freenews.am-ը զրուցել է Սեյ Յայլախանյանի հետ, վերջինս պատմել է , թե ինչպիսի աշխատանքներով են հանդես եկել «Մենք»-ի շրջանակներում։
«Ժամանակի ընթացքում, բացի ապատեղեկատվության դեմ պայքարելուց՝ մենք մեր խմբակիցների հետ սկսեցինք գումարաային հանգանակություններ նվիրել , թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, թե՛ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, թե՛ առանձին մարդկանց։ Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր, դրսի և տեղի հայերի օգնությամբ 20-22 հազար դոլարի չափով գումար ենք հավաքել և ուղարկել հիմնադրամներին»,- ասում է Սեյ Յայլախանյանը։
Բացի հանգանակություններ իրականացնելը , հումանիտար օգնություն ցուցաբերելը և ապատեղեկատվության դեմ պայքարելը՝ «Մենք»-ի թիմը պատերազմի օրերին փորձել է գտնել այն զինծառայողների հարազատներին, որոնք տեղեկություն չունեին իրենց որդիներից, եղբայրներից ,ամուսիններից ։
«Շատերը գտնվում էին անգիտակից վիճակում, շատերը պառկած էին հիվանդանոցներում, նրանց հարազատները տեղեկություններ չունեին, թե իրենց որդին, իրենց եղբայրը որտեղ են գտնվում։ Փորձում էինք ինչ որ նշաններով՝ կլինի դաջվածք, սպի , գտնել զինվորների հարազատներին ու մեզ մոտ դա ստացվում էր»,- նշում է Սեյը։
Սեյ Յայլախանյանը նշում է՝ Ֆեյսբուքում նոր էջ է բացել, կոչվում է «Անմահ գունդ» ,որը ծառայելու է հանուն մեկ գաղափարի: Հենց այդ էջում տեղ են գտնելու՝ պատերազմի մասնակից, վիրավոր, զոհված բոլոր տղաների անունները, որպեսզի մարդիկ ճանաչեն մեր հերոսներին, իսկ մինչ այդ՝ «Մենք»-ը շարունակելու է օգտակար նախաձեռնություններով հանդես գալ: Խմբի անդամների ջանքերով ՝ Ամանորի նախաշեմին Արցախից Հայաստան եկած և Գյումրիում բնակություն հաստատած 56 արցախցի փոքրիկներ տոնական նվերներ կստանան։
Կարծիքներ