Վլադիմիր Գասպարյանը Աստծո մասին խոսելիս պետք է հիշի, որ պատասխան է տալու․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցին, որտեղ վերջինս իշխանություններին սթափության կոչ էր արել:
«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ եմ ճանաչում և կարող եմ ասել, որ քաղաքական ու իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն և համարում եմ, որ այնուամենայնիվ, ինքն իր վարքագծի մեջ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել էր և պետք է մնար օրենքի շրջանակներում։ Ինչ վերաբերում է իր հայտարարություններին, ես կարծում եմ, դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր կատարվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը, կարծում եմ չստացվեց, որովհետև մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին իր անցած մեծ ուղու շնորհիվ»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Գասպարյանի այն հայտարարությանը, որ նախկինում ոստիկանությունը խառնված չի եղել քաղաքական պրոցեսներին, Ալեն Սիմոնյանը նշեց.
«Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիները շատ շուտ մոռանում են և մոռանալու են ամեն ինչ, ինչ եղել է։ Ես մարդկայնորեն Գասպարյանին լավ եմ վերաբերվում: Ինքը հաճախ վերև նայելով, Աստծու մասին խոսելիս պետք է հասկանա, որ պատասխան է տալու և ոչ միայն իշխանությունների առջև»։
Կարծիքներ