Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը
ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել Ն.Վուտովայի և ԵԽ հետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է ժողովրդավարության հետևողական զարգացման և ամրապնդման գործում: «Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ակտիվ փուլում է, և մենք վճռական ենք այդ օրակարգն առաջ մղելու հարցում: Նպատակը մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ հզորացումն է՝ իրապես անկախ դատական համակարգի ձևավորումը, վստահելի ընտրական գործընթացի երաշխավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն պայքարը, ինչպես նաև այլ գերակայություններ: Այս համատեքստում ԵԽ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նատալյա Վուտովան պատիվ է համարել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնում աշխատանքը և ընդգծել, որ ԵԽ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ուժեղ է, երբ ուժեղ են իր անդամ պետությունները, և ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:
Վարչապետն ընդգծել է՝ բարեփոխումների շարունակական իրականացումը, ինստիտուտների հզորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են: Դրանք միտված են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման երաշխավորմանը, դատական համակարգի անկախությանը, կառավարման թափանցիկության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, և կառավարությունը հետևողականորեն առաջ է շարժվելու այս օրակարգի իրագործման ուղղությամբ:
Արձագանքելով վարչապետի դիտարկումներին՝ ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ, ամուր ժողովրդավարությունը հիմնված է ուժեղ, թափանցիկ, վստահելի ինստիտուտների վրա, և այս ուղղությամբ կառավարության քայլերը ողջունելի են:
Հանդիպմանն անդրադարձ է եղել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ նշել է, որ ռեֆորմը միտված է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը: Նատալյա Վուտովան իր հերթին ասել է, որ ԵԽ-ն կշարունակի խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն այս գործընթացում:
Վարչապետը և ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխության և դրա արժեքների կյանքի կոչման շուրջ:
Կիսվելով իր տպավորություններով՝ Նատալյա Վուտովան նշել է, որ ուրախ է եղել հեղափոխության օրերին գտնվել Հայաստանում, զգալ տիրող համերաշխության մթնոլորտը և մաս կազմել Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական այդ իրադարձություններին:
Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական վերափոխման, արժեքային փոփոխությունների գործընթաց էր, և այն շարունակվում է մինչ օրս: Վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը շարունակելու է հեղափոխության նպատակների և Հայաստանի քաղաքացիների սպասումների կյանքի կոչման առաքելությունը: Դա հեշտ ուղի չէ, բայց ազատ և զարգացած Հայաստան կառուցելու այլ ճանապարհ չկա:
Կարծիքներ