Հայտնի է` երբ և որտեղ Էլիզաբեթ 2-րդը կընդունի Ջո Բայդենին
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունիսի 13-ին կընդունի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը՝ Ջիլին, Լոնդոնի հարևանությամբ գտնվող Վինձորի ամրոցում: Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Բուքինգեմյան պալատը:
«Թագուհին կհանդիպի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ Վինձորի ամրոցում, կիրակի 2021 թվականի հունիսի 13-ին»,-ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան գրառման մեջ:
Բայդենը կգտնվի Միացյալ Թագավորությունում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) կապակցությամբ, որը տեղի կունենա հունիսի 11-ից 13-ը` Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կորնուոլ թերակղզու Կարբիս Բեյ առողջարանային քաղաքում:
Բայդենը կլինի ԱՄՆ 13-րդ նախագահը, որը կհանդիպի Նորին Մեծության հետ: Բացի այդ, Բայդենը կդառնա Ամերիկայի 5-րդ նախագահը, որին բրիտանացի միապետը հյուրընկալելու է Վինձորում: Մինչ այժմ դա Ռոնալդ Ռեյգանն էր 1982-ին, Ջորջ Բուշը՝ 2008-ին, Բարաք Օբաման ՝ 2016-ին, և Դոնալդ Թրամփը ՝ 2018-ին:
Կարծիքներ