Արցախ է ներկրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը
Արցախի Հանրապետությունում շարունակում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15 000 չափաբաժինը, որով կարող է պատվաստվել 7500 քաղաքացի, Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի աջակցությամբ՝ տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ «Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսի կանխարգելման լուրջ միջոց է:
Պատվաստումներն իրականացվում են երկու դեղաչափով, 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:
Կարծիքներ