Ես գիտեմ՝ ով է նման բաները կազմակերպում, որ մարդկանց գազազեցնեն և հային հանեն հայի դեմ. Ա. Սիմոնյան
Խոսուն 1
Չնայած հիմա է աղմուկ բարձրացել քաղաքական գործիչների անձնական հեռախոսահամարները հրապարակելու շուրջ, բայց այս երևույթը կա վաղուց։ Իմ համարը հրապարակել էին դեռ պատերազմի ավարտին, երբ ես Մոսկվայում էի։ Փառք Աստծո, ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս սահմանափակել գրեթե բոլոր տեսակի անծանոթ զանգերը և հաղորդագրությունները, բայց, բնական է, որոշ դեպքերում կոնտակտ լինում է։ Մի քանի անգամ այս 4 ամսվա ընթացքում որոշեցի հետ զանգել ինձ անհանգստացնող համարներով, հասկանալ՝ ինչ տեսակի մարդիկ են։ Ասեմ, որ զանգերի մոտ 30 տոկոսը սատարող բնույթ են ունենում, ինչը շատ հաճելի է։ Այսպես, զանգերի 80 տոկոսը Ռուսաստանից է, 10 տոկոսը՝ ԱՄՆ, 5 տոկոսը՝ Հայաստան, 5՝ տոկոսը այլ։ Զանգերիս հիմնականում չէին պատասխանում, անջատում էին, երկու անգամ տարեց կանայք պատասխանեցին և վերահաստատեցին իրենց բացասական դիրքորոշումը, համեմատաբար խաղաղ բաժանվեցինք։ Մի ԱՄՆ-ում գրանցված համարից արցախցու բարբառով երիտասարդ զանգեց, ասաց, որ ինքը Դետրոյթ համայնքից է, և երբ հարցրի՝ բա ինչո՞ւ այստեղ չէ, սկսեց ռեփ երգչի արագությամբ, շունչը պահած, կիսառուսերեն-կիսահայերեն հայհոյանքներ շարել։ Ցավալի արձանագրում կա նաև, պարզվում է շատ "հայրենասեր" և շատ հմուտ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնող աղջիկներ կան։ Հեռախոսային հավելվածների հետաքրքիր օգտատերեր կան՝ Վոլկ, ԱՌՄԱՆ խաչի նշան, հավերժության նշան, նորից խաչ, Կարեն վոսմիկանեչնիկի նկար, նորից Կարեն մի անվան տակ։ Լավ, ինչևէ ․ ․ ․
Հիմա թեկուզ այդ համարների 90 տոկոսը ռուսախոս են, բայց, վստահ եմ, ոմանք այս տեքստի հետ կծանոթանան։ Թող առնվազն հայերեն սովորեն, մինչ հայրենասիրական զեղումների մեջ ընկնելը, պետք կգա։ Նախ զարմանում եմ, որ մարդու դաստիարակությունն իրեն թույլ է տալիս զանգել անծանոթ մարդու կամ հաղորդագրություն գրել։ Հետո, հետաքրքիր է, իրենք գիտակցո՞ւմ են, որ ոմն հայկական ազգանունով մի էջ իրենց խամաճիկի պես օգտագործում է իր նեղ անձնական նպատակների համար։ Ատելություն գեներացնում, մի մասը հնարում, մի մասը ուռճացնում և վարժեցնելուց հետո ուղղություն տալիս։ Վստահ եմ, որ այդ մարդուն հարցնեն, թե ինչո՞ւ, իմաստը՞, հստակ պատասխան չի կարող տալ։ Բայց սպառնում է սպանել և վախենալու տեսարաններ նկարագրում։ Ու ախր կրկին՝ ոնց չի հասկանում, որ իրեն իմ կամ մեկ այլ հայտնի մարդու համար տվողը իրեն լավություն չի անում։ Հաջորդը՝ անկեղծ, բա որ տենց բոլորը մարտնչող և հզոր կերպարներ են, ինչո՞ւ չեն զանգում, հաղորդագրություններ չեն ուղարկում նույն Ռուսաստանի ադրբեջանցիներին, ադրբեջանական լոբիստներին, բիզնեսմեններին և այլն։ Ես ասե՞մ ինչո՞ւ, կարծում եմ՝ գուշակեցիք։ Բայց հիմա իրենց թույլ են տալիս զանգահարել ինձ կամ, ասենք, իմ գործընկեր կին պատգամավորներին։ Հետաքրքիր է նաև, որ մինչ իմ ու իմ ընկերների կողմից գլխավորած 2018 թ. հեղափոխությունը, դժվար թե շատ մարդ ռիսկ աներ զանգել պաշտոնյայի, գլուխները կջարդեին։ Իսկ ես պայքարել եմ, որ տենց բան չլինի։ Ասեք ինչ աբսուրդ է հնչում, երբ դու ցեղասպանություն վերապրած ազգ, որը 2,500,000 մնացել, շրջապատված թշնամիներով, պատերազմից անմիջապես հետո սկսում ես ինքդ քեզ ոչնչացնել։ Ինքդ քեզ թշնամացնել քո ազգի մեկ այլ ներկայացուցչի նկատմամբ։ Մոսկվա, Պսկով, Լոս, նստած զանգումես մեկ այլ հայի ու ատում, վիրավորում, ասում, որ սպանելու ես։
Ես գիտեմ՝ ով է նման բաները կազմակերպում, որքան գումար է ծախսվում այս ամենի համար, որ մարդկանց գազազեցնեն, որ հային հանեն հայի դեմ։
Չեմ վախեցել, երբ այդ պատվիրատուները կատարյալ իշխանություն են ունեցել Հայաստանում, իսկ հիմա, երբ ժողովուրդն իր կրունկը դրել է այդ օձի վզին, ինձ նրա թփրտալը և թույնը, որն նա այս կողմ ու այն կողմ է ցփնում՝ փորձելով փրկել իրեն, առավելևս չի հետաքրքրում։ Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ քանի դեռ մենք՝ մեկս Պսկով, մեկս Երևան նստած, իրար զանգում, սպառնում ենք, քանի դեռ մենք միասնական չենք Հայը Հայի մեջ թշնամի չունենալու հարցում, մենք հա պարտվելու ենք, իսկ մեզ այդ պարտությունների հնարավորություններից գրեթե չի մնացել։
Շարունակելի ․ ․ ․
Կարծիքներ