Ոստիկանությունը բացահայտել է Տավուշի մարզում աղմկահարույց սպանությունը

Ոստիկանությունը բացահայտել է Տավուշի մարզում աղմկահարույց սպանությունը

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պ.-ի դիակն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության քննչական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին ձերբակալել և ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխել Այգեհովիտ բնակավայրի 57-ամյա բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Այգեհովիտ բնակավայրի այգիներից մեկում որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ.-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև թաքցնելու նպատակով դիակը իր «ԳԱԶ-24» մեքենայով տեղափոխել էր Բերքաբեր բնակավայր և ոտքերից կապելով բետոնե սյուներ՝ գցել էր լիճը:

57-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում