Հակահայկական դպրոցական օլիմպիադան ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից

Հակահայկական դպրոցական օլիմպիադան ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից

Ադրբեջանում կազմակերպվելիք հակահայկական դպրոցական օլիմպիադան ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները  չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 27-ին աշակերտական օլիմպիադա է անցկացվելու «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով (այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տարածքը):

Միջոցառումն իրականացնում են Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի կրթության նախարարությունը, Ադրբեջանի կրթության ինստիտուտը, Նախիջևանի պետական ​​համալսարանը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը։

Ըստ կազմակերպիչների՝ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել աշակերտների իմացությունն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, աշխարհագրության, մշակույթի, գրականության, ականավոր հասարակական գործիչների, պատմական գործիչների, տեղանունների և բանահյուսության մասին ու ապահովել գիտելիքների իբր խորը ուսումնասիրությունը: Երեք փուլով անցկացվող օլիմպիադային պետք է մասնակցեն 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:

Այս միջոցառումն Ադրբեջանի զավթողական քաղաքականության բազմաթիվ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Ադրբեջանի ղեկավարությունը, չթաքցնելով իր վարած քաղաքականության բնույթը, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ադրբեջանցիների «պատմական հայրենիքն» է, և իրենք անպայման պետք է «այնտեղ վերադառնան»։

Իլհամ Ալիևն այս թեզով հանդես է եկել 2022 թ. «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության վարչական շենք իր այցելության ժամանակ։ Հարկ է նշել, որ այդ  կազմակերպության գործունեությունն ամբողջովին միտված է պետական հովանավորչությամբ վերը նշված կեղծ թեզերի մշակմանն ու տարածմանը:

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում անգամ մատաղ սերնդի շրջանում։ Սա նաև ապացուցում է, որ ադրբեջանական իշխանությունները  չեն պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական և անօրինական ծրագրերից»,- ասված է հայտարարության մեջ:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների հովանավորությամբ կազմակերպվող այս և նմանատիպ այլ հակահայկական միջոցառումները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության և ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում