Անահիտ Ավանեսյանը և Տիգրան Ավինյանը հատուկ են ընտրել AstraZeneca պատվաստանյութը
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իր ինքնազգացողությանը:
«Պատվաստումից հետո երեկոյան կար թուլություն, մկանային ցավ: Սակայն հաջորդ օրն այս նշաններն արդեն անցան»,- ասաց Ավանեսյանը՝ կառավարության նիստում:
Ավանեսյանը նշեց, որ ինքը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ապրիլի 28-ին պատվաստվելիս հատուկ էին ընտրել AstraZeneca պատվաստանյութը, քանի որ ամենաշատը հենց դրա մասին են սուտ լուրեր տարածում: 200 մլն պատվաստվածից միայն մի քանի տասնյակի մոտ են խնդիրներ առաջացել: Սակայն այդ 200 մլն մարդը, եթե վարակվեր կորոնավիրուսով, մոտ 4 մլն մահվան դեպք կլիներ (վարակվածների մոտ 2 տոկոսը մահանում է):
Նախարարի պաշտոնակատարի խոսքով, շատ կարևոր է օր առաջ պատվաստումային գործընթացն ընդլայնել: «Կարևոր է նաև, որ պաշտոնյաները իրենց, իսկ օրինակով ցույց տան բնակչությանը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:
Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել էր «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։ Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը:
Կարծիքներ