Վահե Ղազարյանը Իմանբաևի հետ քննարկել է Ղազախստանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում մեքենաների հաշվառման հետ կապված որոշ հարցեր
Մարտի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ՃՈ հաշվառման և քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում։ Հայաստանի ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ ի նպաստ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանության։
Բոլատ Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ներքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Արտակարգ և լիազոր դեսպանը բարձր է գնահատել նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ աջակցության պատրաստակամություն հայտնելով։
Հյուրերը անդրադարձել են նաև նորաստեղծ պարեկային ծառայության գործունեությանը՝ այն դրական գնահատելով։ Բոլատ Իմանբաևը մանրամասնել է Ղազախստանում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներին։
Կողմերը ներկայացրել են ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում երկու երկրների փորձը։ Այդ համատեքստում կարևորվել է փորձի փոխանակումը՝ երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման առումով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելուն վերաբերող մի շարք հարցեր։ Վահե Ղազարյանն այդ ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ շեշտելով, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարծիքներ