Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները

Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները

Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։ 

Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների՝ կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական դատարանի, քաղաքապետարանների և նախարարությունների շենքերի վրա ծածանվող պետական դրոշները։

Հայաստանում սգո օրեր հայտարարելու որոշումը երեկ ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթունի հետևանքով այս պահին զոհերի թիվը 16-ն է, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում