ԵՀ ղեկավարն ասել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ժամկետները կախված են պահանջվող բարեփոխումների իրականացումից

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու ժամկետները, ի թիվս այլ բաների, կախված կլինի նրանից, թե որքան արագ երկիրը կարող է վերականգնվել հակամարտությունից և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս կարծիքը նա հայտնել է հինգշաբթի երեկոյան գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։
Երկրի անդամակցությունը ԵՄ-ին սովորաբար տևում է մի քանի տարի՝ սկսած դիմումի ընդունման օրվանից: «Անդամակցության թեկնածու դառնալու համար որոշ ժամանակ է պահանջվում»,- ասել է ֆոն դեր Լեյենը՝ հավելելով, որ «Եվրամիությանը միանալու ընթացակարգը նույնպես մեծապես կախված է նրանից, թե ինչպես կվարվեն միացող երկրները»։
«Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բան կախված է հենց Ուկրաինայից՝ ինչպես նա կկարողանա վերականգնվել այս պատերազմի ավարտից հետո, ինչով կօգնենք նրան, ինչպես կիրականացնի բարեփոխումներ, ինչպես կազատվի օլիգարխներից, ինչպես կիրականացնի անհրաժեշտ տնտեսական բարեփոխումները»,- պարզաբանել է ԵՀ ղեկավարը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Բունդեսթագում, ասել էր, որ ԵՄ-ն արագ և պրագմատիկ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, բայց համայնքին միանալը երկար գործընթաց է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ Ուկրաինայի նման երկրների համայնքին միանալու հեռանկարը հնարավոր չէ իրականացնել մի քանի տարվա ընթացքում, կարելի է խոսել տասնամյակների մասին։
Կարծիքներ