ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, նման բան կարող են անել Լյուբյանկայից. Ալեքսանյան
«Տիկին Սարգսյան, կա՞ արդյոք քրեական վարույթ՝ կապված լրագրողների անձնական տվյալների հրապարկման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի հետ»:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ այս մասին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Այս համատեքստում վերջինս նկատեց. «Որովհետև վերջերս տելեգրամյան ողորմելի որոշ ալիքներ, որոնք ծառայում են իրենց ողորմելի տերերին, որոնք իրենց ողորմելի քաղաքական պայքարը փորձում են ամեն դեպքում շարունակել, թիրախավորում են ու հրապարակում լրագրողների նկարներ: Այն, որ պատգամավորների լուսանկարներ են հրապարակում, դեռ թողնում եմ մի կողմ, բայց լրագրողները զարգացած հասարակություններում առհասարակ առանձնահատուկ պաշտպանվածության որոշակի կարգավիճակ ունեն, սակայն հրապարակվում են լրագրողների անձնական տվյալները, որոնց դեմ տարվում է ատելության քարոզ: Խնդրում եմ միասին քննարկել այս հարցը, և կհորդորեմ, որ դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետև խիստ դատապարտելի երևույթի հետ գործ ունենք»:
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Լրագրողների կողմից զրպարտչական նյութերը, օրինակ՝ ԱԱԾ գործակալ լինելը, ՌԴ-ից միլիոններ ստանալը, որոնք հերքվում են, էդ էլ ավելացրեք»:
Վահագն Ալեքսանյանն էլ Մանուկյանին հարցրեց, թե ո՞վ է հերքել. «Ով՞ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է՝ ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել: Իգոր Կորոտչենոն էլ հայտնել էր, որ միլիոններ են փոխանցվել»:
Կարծիքներ