«Մեդիա պաշտպանը» դատապարտում է լրագրողի նկատմամբ՝ արցախցի պատգամավորի եղբոր հարձակումը
Արցախից լրագրող Մարատ Եգանյանը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում հայտնել է, որ իր տան վրա հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումն, ըստ նրա, եղել է ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանի կողմից։ Դեպքը տեղի է ունեցել Մարատ Եգանյանի կողմից ղեկավարվող ֆեյսբուքյան խմբում տեղ գտած գրառման պատճառով։
Լրագրողը «Դեսերտիրներ» խմբի մոդերատորն է, որտեղ տարբեր քաղաքացիներ հայտնում են այն մարդկանց անունները, որոնք պատերազմի օրերին փախել են ծառայությունից։ Այդ խմբում գրառում է հայտնվել նաեւ պատգամավորի մասին։ Այդ գրառումից հետո, զանգել են լրագրողին: «Ես այդ պահին չգիտեի, որ այդպիսի գրառում է հայտնվել խմբում։ Տեղեկացա գրառման մասին, զանգահարողը պատգամավորի եղբայրն էր։ Նա ցանկանում էր, որպեսզի գրառումը հեռացվի»,- «Մեդիա պաշտպան»–ի հետ զրույցում ասել է Մարատը։ Նրա խոսքով՝ ինքն ու Տիգրան Հարությունյանը հանդիպել են, որի ժամանակ Հարությունյանը նշել է, որ ծառայել է հրետանիում, որից հետո տեղափոխվել է պահեստներ։ Մարատն այդ լուրը հայտնել է խմբում գրառում կատարողին, որն արդեն պատրաստվել է հեռացնել գրառումը: «Ինձ հերթական զանգը եկավ, եւ միանգամից սպառնալիքներ, այդ զանգից հետո ես խնդրեցի հեղինակին, որպեսզի նա չհեռացնի գրառումը։ 10 րոպե հետո, իմ տան դռների մոտ հայտնվեց Տիգրանը, ես նրան դուրս հրավիրեցի, նա սկսեց հայհոյել, ես կրկին դուրս եկա տնից, նա փախավ»,- պատմել է Եգանյանը։ Լրագրողի խոսքով, նա կրկին վերադարձել է ու քարեր է նետել տան ուղղությամբ։ «Ընդհարումից հետո ոստիկանությունը եկավ, երկուսիս էլ տարան ոստիկանություն, այնտեղ բացատրույթուն տալուց հետո երկուսիս էլ բաց թողեցին»,- նշել է լրագրողը։
Միջադեպից հետո Մարատը գրառում է կատրել, այդ հոդվածի հետքերով սպառնալիքները շարունակվում են։ «Սպառնալիքներով այս ամենը չավարտվեց, նրանք շարունակեցին հարձակվել իմ տան վրա եւ հետո՝ նաեւ իմ։ Ես վնասվածքներ ստացա, հեռախոսս վնասվեց», - նշել է Մարատը։
Մարատը մեծ հույս չի կապում ոստիկանության հետ։ Ոստիկանները պարբերաբար նշել են, որ այդ ամենը այլեւս չի կրկնվի։ Ըստ լրագրողի՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են պատասխանատվությունից ազատել այդ մարդուն․ «Մինչեւ հիմա քրեական գործ հարուցված չէ»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտել է լրագողի նկատմամբ հարձակումը։ Նման դեպքերը պետք է բացառվեն։ Խոսքի ազատությունը չպետք է բռնության ենթարկվի։ Նախաձեռնությունը ԱՀ ոստիկանությունից պահանջել է այս դեպքը չկոծկել, չսատարել լրագրողի տան վրա խուլիգանական հարձակում գործած անձին։
«Մեդիա պաշտպան»–ն իր աջակցությունն է հայտնել Մարատ Եգանյանին եւ պատրաստ է ներպետական եւ միջազգային օրենքներից բխող թույլատրելի միջոցներով սատարել լրագրողին։
Կարծիքներ