ՌԴ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ բանակցությունները

ՌԴ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ բանակցությունները

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունները, որ տեղի են ունեցել Բրյուսելում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվան սատարում է Բրյուսելի ջանքերին՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա:

Զախարովան հայտարարել է, որ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, որ կայացել է Բրյուսելում՝ «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում, նպաստում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ԼՂ հարցում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրագործմանը:

«Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակությունը և, իհարկե, այն, որ այդ շփումներն անցկացվում են բարձր մակարդակով»,- ասել է Զախարովան:

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի տրամադրվածությունը՝ հարաբերությունները կարգավորելու հարցում: ՌԴ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում