Կիպրոսի հարցը կրկին օրակարգում է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Քաղաքական ցինիզմը Թուրքիայի դեպքում սահմաններ չի ճանաչում, այն կարող է դասագրքային լինել երկակի ստանդարտների կիրառման հարցում։ Եթե նրա համար Հայաստանը կանգնած է պանթուրքիզմի տարածման ճանապարհին, ապա Հունաստանը՝ պանօսմանական։ Արցախի տարածքների բռնազավթումից հետո այս երկիրն ակտիվ քայլեր է ձեռնարկում Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթմանը իրավական լուծում տալու ուղղությամբ։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ղեկավարած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել էր, որ այլեւս չեն պատրաստվում «փակել աչքերը Կիպրոսի թուրքերի իրավիճակի վրա»։ Որպես Կիպրոսի խնդրի կարգավորման միակ հնարավոր տարբերակ Էրդողանը համարում է «երկու պետության սկզբունքը»։ Եվ այս մասին խոսում է Կիպրոսի հյուսիսային հատվածը բռնազավթած երկրի ղեկավարը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, ըստ Թուրքիայի առաջնորդի, Կիպրոսի հարցը պետք է լուծվի նոր իրողությունների լույսի ներքո, իսկ երկխոսությունը պետք է ուղղված լինի դեպի կոնկրետ արդյունք: Կարող ենք ենթադրել, որ «նոր իրողություններ» ասելով Էրդողանը նկատի ունի Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության մեծացումը։ Այս իրողությունը հնարավորություն է տալիս ուժի դիրքերից խոսել նաեւ Արեւելյան Միջերկրածովում գոյություն ունեցող բալանսը փոխելու համար»:
Կարծիքներ