30 մլն դոլարի ներդրում, 300 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան

30 մլն դոլարի ներդրում, 300 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 9-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։

Նախարարության հաղորդմամբ, մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ ձեռնարկության կողմից։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ ամրանների, պողպատե անկյունների, խողովակների արտադրության մեջ։ Այս գերժամանակակից կառույցը խոշոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքում և ակնկալվում է, որ էական ներդրում կունենա երկրի տնտեսության մեջ:

Նախատեսվում է առաջին փուլով 30 մլն դոլարի (երկրորդ փուլով՝ ևս 40 մլն դոլարի) ներդրում, ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ։

«Ջի Թի Բի Հոլդինգս»-ի տնօրեն Տիրան Հակոբյանի և ներդրող Բոբբի Կանգի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին և առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնք կկիրառվեն բարձրորակ պողպատե արտադրանքի արտադրության մեջ։

Նախարարն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը տարածաշրջանում տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման գործում։

Ծրագիրն իրականացվել է ինչպես միջազգային ներդրողների, այնպես էլ Ֆասթ Բանկի ջանքերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում