Իրաքը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ
Իրաքի իշխանությունները որոշել են դադարեցնել արաբական հանրապետության և Բելառուսի միջև ուղիղ չվերթները, ինչպես նաև հետ կանչել Բաղդադում Բելառուսի հյուպատոսին,- ուրբաթ օրը հայտարարել է Իրաքի ԱԳՆ մամուլի քարտուղար Ահմեդ ալ-Սահաֆը։
«Այս որոշումը նպատակ ունի պաշտպանել իրաքցիներին Բելառուսի և Լեհաստանի տարածքով կազմակերպված մարդկանց տեղահանությունից», – մեջբերում է նրա խոսքերը Իրաքի ազգային լրատվական գործակալությունը:
«Իրաքի դեսպանատները Մոսկվայում և Վարշավայում համակարգում են բելառուսա-լեհական սահմանին մնացած մարդկանց կամավոր վերադարձի գործընթացը: Բացի այդ, մենք դադարեցնում ենք ուղիղ թռիչքները Իրաքի և Բելառուսի միջև», – ավելացրել է դիվանագիտական պաշտոնյան:
Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից եկել է Լեհաստանի սահման ու չի լքել սահմանային գոտին, նրանցից ոմանք փորձել են մտնել Լեհաստանի տարածք՝ վնասելով փշալարը։
ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամը միտումնավոր սրելու համար և կոչ անում պատժամիջոցներ սահմանել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը արևմտյան պետություններն են, որոնց գործողությունների հետևանքով մարդիկ փախչում են պատերազմից։
Կարծիքներ