«Կեցցե՜ հայկական ժողովրդավարությունը». ընդդիմությունը լքեց դահլիճը, երբ վարչապետն ասաց, որ կարևոր բացահայտում է անելու

«Կեցցե՜ հայկական ժողովրդավարությունը». ընդդիմությունը լքեց դահլիճը, երբ վարչապետն ասաց, որ կարևոր բացահայտում է անելու

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, որ հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջը։

Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը։

Ի պատասխան դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Անդրադառնամ, ձեր հայտարարությանը կետ առ կետ։ Բանակցայի գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը խոստովանել է դրա մասին 2018թ-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում և գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անընդունելի են մեզ համար։ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին։

Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց պայմանով որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող միավոր՝ այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե սա միացնենք Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, ապա կստացվի, որ պատերամզը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անընդունելի պահանջները»։

Ռուստմյանը ասաց, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, ինչին Նիկոլ Փաշինյանն ասաց․«Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։

Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։ 

Ինչին պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ «հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»:

«Ախ չեք ուզում լսել, բա էդ ասեք, որ չեք ուզում լսել, ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, կեցցե հայկական ժողովրդավարությունը, հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»։

Իշխանականները ծափահարություններով ճանապարհեցին ընդդիմադիրներին և վանկարկեցին․ «Վար–չա–պետ»։ Այնուհետև ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում