Վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս գործընթացը ֆորմալ է, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ պարոն Մկրտչյանը դե-ֆակտո այդպիսի կարգավիճակում է գտնվում՝ զբաղեցնելով նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Վարչապետը շնորհավորել է Նարեկ Մկրտչյանին և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: «Նաև ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որ, այսպես ասած, անցումային և վակումային շրջանում ապահովել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բնականոն աշխատանքը: Մենք, համենայնդեպս՝ ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ այդտեղ համակարգային խնդիրներ են առաջացել, և դա շատ բարձր եմ գնահատում: Նախարարությունը շատ կարևոր առաքելություն ունի: Ուզում եմ երկու հարցի վրա շեշտադրում անել:

Առաջինը՝ դեռևս նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում էր հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների սոցիալական աջակցությանը, որպեսզի նրանք հնարավորինս վերադառնան բնականոն կյանքի: Խոսքը վերաբերում է, այդ թվում՝ պրոթեզավորման գործընթացին: Իհարկե, հաշմանդամություն ստացած զինծառայողների, զոհվածների հարազատների, ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ ձևավորված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է, որը նախարարության տիրույթից մի փոքր դուրս է: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս ոլորտում էլ կառավարությունն ունի որոշակի անելիքներ: Շատ կարևոր եմ համարում, որ հիմնադրամի շահառուների շրջանակից դուրս գտնվող երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող, բայց պատերազմով անցած մեր զինծառայողները զգան մեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս հանգրվանային իրավիճակում ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա՝ նախարարությունը կոչվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ընդ որում՝ դա նորություն չէ, շատ վաղուցվանից է այդպես կոչվում: Եվ այդ անվանումը պահպանելով մենք դրել ենք որոշակի փիլիսոփայություն:

Գիտեք՝ իմ համոզմունքն այն է, որ մարդու սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է: Այսինքն՝ մարդը լավագույնս սոցիալապես պաշտպանված է, երբ ունի պատշաճ աշխատանք: Եվ հենց սա պետք է լինի մեր նպատակադրման ուղղությունը: Իհարկե, մենք ունենք որոշակի խմբեր, մասնավորապես, կենսաթոշակառուների և այլն: Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ կենսաթոշակի փիլիսոփայությունը նույնպես հենված է աշխատանքի տրամաբանության վրա: Հետևաբար, ինչպես նախկինում հայեցակարգային-գաղափարական մակարդակում ընդգծել ենք, հիմա առավել ևս ուզում եմ ընդգծել, որ սոցիալական իրադրության, իրավիճակի փոփոխության մեր ընկալումը պետք է լինի քաղաքացիների համար աշխատանքի պատշաճ պայմաններ ստեղծելը: Ընդ որում՝ ես ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել, որ արդեն 21-րդ դարում աշխատունակություն հասկացությունն էլ իր սահմանները որոշակի փոխել է: Որովհետև այսօր ի հայտ են եկել այնպիսի մասնագիտություններ, այնպիսի հնարավորություններ, որ հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ ծանր հաշմանդամության վիճակ ունեցող մարդիկ կարող են ունենալ լավ վարձատրվող աշխատանք»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին խիստ պատասխանատու և զգայուն ոլորտի կառավարումը իրեն վստահելու համար: Մկրտչյանը նշել է, որ վերջին երեք ամսիների ընթացքում հնարավորություն են ունեցել թիմային ամենօրյա աշխատանքի շնորհիվ վեր հանել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նորանշանակ նախարարը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ գտնելու ծառացած խնդիրների լուծումները, որոնք իր ընկալմամբ, ունեն ինչպես կարճաժամկետ և միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածք:

«Մի շարք բարեփոխումներ արդեն իսկ ընթացքի մեջ են և մենք շարունակում ենք ամեն ինչ անել, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին: Ինչ վերաբերում է հաշմանդամների պրոթեզավորման գործընթացին, ապա այն պատշաճ կերպով իրականացվում է: Այժմ հասել ենք վերջնական, ավարտական փուլին, և մեկնարկել է վերին վերջույթների ամպուտացված զինվորների պրոթեզավորման գործընթացը: Կարող ենք արձանագրել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի համար առաջին անգամ նման բարձր տեխնոլոգիաներով գերժամանակակից պրոթեզավորման գործընթաց է տեղի ունենոմ Հայաստանում: Բայց մենք դրան զուգահեռ նաև հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար էլ նոր աջակցող միջոցների ձեռքբերման և նոր հմտություններ ու գիտելիքներ տրամադրելու գործընթաց ենք սկսել: Հենց այս պահին էլ մեր միջազգային փորձագետներն ավելի քան 70 մասնագետների վերապատրաստում են նոր գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանին ներկայացնելու ուղղությամբ»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախարարության սերտ համագործակցությունն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի հետ: Վարչապետի խոսքով՝ քաղաքական որոշումները սաղմնային մակարդակից պետք է քննարկվեն խորհրդարանական գործընկերների հետ, որովհետև ի վերջո ամենակարևոր որոշումները հասնում են Ազգային ժողով: «Պետք է այս հարցում շատ սկզբունքային լինել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, որպեսզի, այսպես ասած, միջգերատեսչական որևէ խզում մենք չունենանք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել նախորդ երեք տարիների սոցիալական ծրագրերի գնահատում՝ վերլուծելու արդյունավետությունը և լավարկելու կամ փոփոխությունների ենթարկելու դրանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում