Իսրայելը հերքել է Գազայում ՄԱԿ-ի հաստատության վրա հարձակումը, որի հետևանքով կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Գազայում ՄԱԿ-ի հաստատություններից մեկին հունվարի 24-ին հասցված հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել, 75 մարդ՝ վիրավորվել։ Սպիտակ տունը դատապարտել է այս հարվածը, Իսրայելը հերքել է իր առնչությունը դրան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։
ՄԱԿ-ը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Խան Յունիսում գտնվող մասնագիտական ուսուցման կենտրոնը, որտեղ ապաստան է գտել 30 000 տեղահանված անձ։ Տանկերից արձակված արկերը հարվածել են կենտրոնի շենքերից մեկին, որտեղ գտնվում էր 800 տեղահանված անձ։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության տնօրեն Ֆիլիպ Լացարինին հայտնել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Նա նաև նշել է, որ տվյալ շենքը նշված է որպես ՄԱԿ-ին պատկանող կառույց, և դրա կոորդինատները փոխանցվել են Իսրայելի իշխանություններին։
«Հերթական անգամ՝ պատերազմի տարրական կանոնների բացահայտ անտեսում», - ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն իր հերթին հայտարարել է, որ Վաշինտգոնը դատապարտում է Խան Յունիսում ՄԱԿ-ի կենտրոնի վրա իրականացված հարձակումը։
Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը նախ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խան Յունիսի տարածքը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հենակետ է, և այնտեղ մարտեր են ընթանում՝ մեծ թվով քաղաքացիական անձանց կողքին։
Վաշինգտոնի քննադատությունից հետո Իսրայելը մեկ այլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հետաքննությունը բացառել է այն վարկածը, որ կենտրոնին հարվածել են իսրայելական ուժերը։ Իսրայելական կողմը հավելել է, որ կատարվում է մանրակրկիտ հետաքննություն՝ պարզելու՝ արդյոք այդ հարվածն իրականացվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։
Իսրայելի բանակը շրջափակել է Գազայի հարավում գտնվող ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը, որտեղ գտնվում են Գազայի հյուսիսից տեղահանված հարյուր հազարավոր մարդիկ։
Պաղեստինի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում առնվազն 25 700 մարդ է զոհվել, այդ թվում՝ 210 մարդ՝ վերջին 24 ժամում։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով պատերազմ է սկսել հոկտեմբերի 7-ից, երբ շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու և գերեվարելով 240-ին։
Կարծիքներ